Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ուկրաինան ստեղծեց եկեղեցի «առանց Պուտինի»

Ուկրաինան ստեղծեց եկեղեցի «առանց Պուտինի»
17.12.2018 | 13:02

Ուկրաինան հայտարարեց ազգային ուղղափառ եկեղեցու ստեղծման մասին` Ռուսաստանից անկախ` Կրեմլին զրկելով մի գործիքից, որ դարերով օգտագործվել է հարևանի վրա գերակայելու համար: Ուկրաինայի երեք հիմնական ուղղափառ եկեղեցիների հոգևորականները շաբաթ օրը 11-րդ դարում կառուցված սուրբ Սոֆիայի տաճարում հավաքվել էին «միավորիչ խորհրդի»` ընտրելու Ուկրաինայի նոր եկեղեցու հովվապետին: Եկեղեցու ստեղծումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նշանակալից հաղթանակն է, նրա բանակը 4,5 տարի զինված կոնֆլիկտի մեջ է Ռուսաստանի ու Ուկրաինայի արևելքի անջատողականների դեմ: Մարտին նախագահական ընտրություններում վերընտրության ձգտող Պորոշենկոն ողջունել է խորհրդի արդյունքները` իբրև «ռուսական ազդեցությունից ազատագրում»: «Սա եկեղեցի է առանց Պուտինի»` ասաց Պորոշենկոն տաճարի մոտ հավաքված հազարավոր մարդկանց: «Սա եկեղեցի է` առանց Ռուսաստանի կառավարության ու բանակի համար աղոթքի: Որովհետև Ռուսաստանի կառավարությունն ու ռուսական բանակը սպանում են ուկրաինացիներին»: Ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության հոգևորականները, որ մի քանի դար հավակնում էին Ուկրաինայում գերակայության, հիմնականում խորհրդին չեն մասնակցել, բացի երկուսից: Ռուսական եկեղեցին դատապարտեց տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսի` Ուկրաինային սեփական եկեղեցի ունենալու իրավունք տալը` քրիստոնեական աշխարհի մեծությամբ երկրորդ տիրույթում տրոհում մտցնելու համար: Ի նշան բողոքի` Ռուս ուղղափառ եկեղեցին հոկտեմբերին կապերը խզեց Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ: Ուկրաինական նոր եկեղեցու հովվապետ Եպիֆանին հունվարին կմեկնի Կոստանդնուպոլիս` Բարդուղիմեոսից ավտոկեֆալիայի թոմոս ստանալու: Եպիֆանին Կիևի պատրիարքության հոգևորական է, կազմակերպություն, որ առանձնացել Ռուս ուղղափառ եկեղեցուց Ուկրաինայի անկախանալուց հետո, բայց չի ընդունվել համաշխարհային ուղղափառության կողմից:
Մոսկվայի պատրիարքությունը մնում էր ամենաուժեղն ու տարածվածը նույնիսկ ԽՍՀՄ-ի փլուզումից ու 1991-ին անկախություն հռչակելուց հետո: Կիևի պատրիարքությունը հանրաճանաչ դարձավ վերջին տարիներին` 2014-ին Ղրիմի անեքսիայից ու Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններից հետո: Ուկրաինայի պաշտոնյաները մեղադրեցին Մոսկվայի պատրիարքությանը կոնֆլիկտում Ռուսաստանին աջակցելու մեջ, որը Մոսկվան հերքում է: Հազարավոր մարդիկ ամբողջ երկրից ժամերով կանգնել էին սուրբ Սոֆիայի տաճարի հրապարակում` նրանք լսում էին քաղաքական ելույթներ, բանակային հոգևորականների աղոթքներ ու ուկրաինական ազգային երաժշտություն: Ժամը 5-ին ղողանջեցին տաճարի զանգերը ու Պորոշենկոն բեմ բարձրացավ միտրոպոլիտ Եպիֆանիի հետ: «Այսօր Ռուսաստանից մեր վերջնական անկախության օրն է»` հայտարարեց Պորոշենկոն` ի պատասխան «Փառք» ու «Շնորհակալություն» բացականչությունների:

Ջեյմս Մարսոն, The Wall Street Journal


Հ.Գ. RFI-ն հաղորդում է, որ Կիևի միավորիչ խորհրդում քվեարկեցին ուկրաինական ուղղափառ ավտոկեֆալ եկեղեցու ստեղծման օգտին: Կիևի միտրոպոլիտ է ընտրվել Պերեյասլավլի ու Բելոցերկովսկի միտրոպոլիտ Եպիֆանին (Դումենկո): 39-ամյա միտրոպոլիտ Եպիֆանին Բուկովինայում է ծնվել, փիլիսոփայություն է ուսանել Աթենքում, աստվածաբանության դոկտոր է: Ծառայությունը սկսել է Ռովենի շրջանում` իբրև եկեղեցական լրագրող, հետագայում եղել է Կիևի հոգևոր ակադեմիայի բանասիրության ֆակուլտետի դեկանը: 2008-ից Ֆիլարետի քարտուղարն էր: Հետո Եպիֆանին դարձել է Վիդուբեցկի վանքի վանահայր, Վիշեգորոդսկի եպիսկոպոս, Պերեյասլավլ-Խմելնիցկի միտրոպոլիտ: 2017-ին նրան շնորհվել է Պերեյասլավլի ու Բելոցերկովսկի միտրոպոլիտի կարգը: Շատ էր խոսվում, որ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևի պատրիարքության ոչ կանոնիկ պատրիարք Ֆիլարետը չի հավակնում Ուկրաինայի նոր ավտոկեֆալ եկեղեցու հովվապետության: ԶԼՄ-ների կարծիքով` դա նրան թույլ կտա պահպանել «պատվավոր պատրիարքի» կարգավիճակը և ազդեցությունը: Սոցիալական ցանցերում բազմաթիվ հրապարակումները հաստատում են, որ խորհրդին մասնակցելու համար Ֆիլարետն իր պատրիարքական սպիտակ գլխադիրը փոխարինել է սևով` սովորականով: «Շնորհավորում եմ բոլորին` ուկրաինական ավտոկեֆալ ուղղափառ եկեղեցու ստեղծման համար, որ հենց նոր կայացավ Սուրբ Սոֆիայում,- հայտարարեց տաճարի հրապարակում հավաքվածներին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:- Դուք ոչ միայն վկաներ եք, դուք պատմություն ստեղծողներ եք, որ գրվում է այստեղ ու հիմա»:


Փաստորեն` սա ոչ միայն Ռուս ուղղափառ եկեղեցու պարտությունն է, այլև ռուսական դիվանագիտության` դեռ հոկտեմբերին ռուսական հեռուստաալիքներով ռուս քաղաքական գործիչները հայտարարում էին, որ ուկրաինական ավտոկեֆալ եկեղեցի երբեք չի ստեղծվի, որ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրնկի տակ է ու բավական է` Պուտինը Էրդողանին մի քանի բառ ասի, որ Բարդուղիմեոսը հրաժարվի Ֆիլարետին թոմոս տալուց: Ասեց, թե չասեց Պուտինը այդ մի քանի բառը, ակնհայտ է, որ Վաշինգտոնը ևս մեկ հաղթանակ տարավ Մոսկվայի նկատմամբ` Անկարայի ձեռքով: Ու դա չի կարող չարտահայտվել ռուս-թուրքական հարաբերություններում: Պատահական չէ, որ թուրքական նարինջներն ու մանդարինները զանգվածաբար հետ են ուղարկվում Ռուսաստանից` տարբեր վնասատու միջատների հայտնաբերման պատճառով: Ու եթե Սիրիայի հարցը չլիներ, գուցե շատ ավելի լուրջ քայլեր ձեռնարկվեին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ